Դումանյանն ու Կոպիրկինը քննարկել են ՌԴ դպրոցներում հայերենի, իսկ ՀՀ դպրոցներում՝ ռուսերենի դասավանդման խնդիրները

Դումանյանն ու Կոպիրկինը քննարկել են ՌԴ դպրոցներում հայերենի, իսկ ՀՀ դպրոցներում՝ ռուսերենի դասավանդման խնդիրները

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ նպաստում են բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը:

ՌԴ դեսպանը ևս կարևորել է վերոնշյալ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը՝ որպես ռազմավարական նշանակության բնագավառներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՌԴ-ի հանրակրթական դպրոցներում հայերենի, ինչպես նաև ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդիրներին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ինչպես դասագրքերի հարցին, այնպես էլ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որոնք 2020 թվականին կազմակերպվել են առցանց՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Դիտարկվել է համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը՝ լուծումներ առաջադրելու համար:

Քննարկվել է նաև միջպետական կրթաթոշակային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ և ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում սովորել երկու երկրների լավագույն բուհերում: Հատուկ կարևորվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությունը՝ որպես երկու երկրների գիտակրթական և մշակութային ջերմ հարաբերությունները խորհրդանշող կառույց:

Նախարար Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ այդ հարցում ակնկալելով ՌԴ աջակցությունը:

Նշվել է, որ այս տարեվերջին ավարտվում է մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀՀ և ՌԴ ժողովուրդների պատմամշակութային ժառանգության ուսումնասիրում, ինչպես նաև գործընկերային կապերի զարգացում: Առաջարկվել է մշակել և ստորագրման ներկայացնել մշակույթի ոլորտում առաջիկա տարիների համար համագործակցության նոր ծրագիր:

Կողմերը նաև փաստել են, որ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում էր անցկացնել Ռուսաստանի մշակույթի օրեր, իսկ 2021 թվականին՝ Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այդ աշխատանքները հետաձգվել են: Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ իրավիճակն առաջիկայում կկարգավորվի, և այն չի խոչընդոտի հետագա նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հանրակրթության բարեփոխումներին և, մասնավորապես, «Կրթության միջազգային գործընկերության»՝ վերջերս ձեռք բերված դրամաշնորհի շրջանակում կրթության ոլորտում ձևավորված տեղական կրթության խմբի աշխատանքներին այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներգրավման հնարավորությունը:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial