Ռուս խաղաղապահներն օգնում են ԼՂ-ում լրացնել բժիշկների պակասը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի բժշկական ապահովման կենտրոնի ղեկավար Եգոր Դեմիդովիչը, գրում է ria.ru-ն։
«Ցավոք, պատերազմական գործողությունների ժամանակ բազմաթիվ բժիշկներ հեռացել են այստեղից և մինչև հիմա ոչ բոլորն են վերադարձել։ Միևնույն ժամանակ, այստեղ են ժամանել մասնագետներ Երևանից, Հայաստանից, իրականացրել են վիրահատություններ։ Բայց ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք գնացել են։ Այդ պատճառով այժմ առկա է բժիշկների պակաս»,- ասել է Դեմիդովիչը։
Նրա խոսքով՝ «Արցախում գտնվող ռուս մասնագետները հավաքում, ամփոփում և վերլուծում են այդ տեղեկությունները, ինչպես նաև բժշկական օգնություն կազմակերպելու վերաբերյալ իրենց առաջարկներն են ներկայացնում արցախյան կողմին»:
Նա նաև հայտնել է, որ ռուս ռազմական բժիշկներն անցած շաբաթներին հետազոտել են ավելի քան 300 բնակչի։
Նրա խոսքով՝ բժիշկները եղել են ութ բնակավայրում, անցկացրել են ավելի քան 300 մարդու հետազոտություն, իսկ այժմ բժշկական ստուգումներ են իրականացնում Ասկերանում։