ՀՀԿ–ն շնորհավորեց Հայկ Մարությանին. կուսակցությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:
ՀՀԿ-ն հիշեցնում է նաև, թե ինչու չմասնակցեց ընտրություններին։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ:


Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանկարային մոտեցմանը «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը»,- նշել են հանրապետականները:
Կուսակցությունը կարծում է, որ եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը:
«Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։


Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial