Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել «Բարգավաճ Հայաստանի» գրասենյակներից մեկում, Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵՄ դեսպաններին

Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակում գտնվող գրասենյակներից մեկում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերներում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացնում էին, որ ոստիկաններն ասել են, թե տեղեկություններ կան, որ կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:

«Որևէ խնդիր չունենք, ոստիկաններն իրենց աշխատանքն են իրականացնում: Շարունակ կեղծ ահազանգեր են հնչում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում: Բնականաբար, որևէ տեղ որևէ կաշառք չի բաժանվում: Բայց այս ակցիայով փորձում են երկու խնդիր լուծել: Նախ՝ փորձում են հանրային կեղծ կարծիք ստեղծել, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, և նաև փորձում են վախի մթնոլոտ ստեղծել, որ մեր ակտիվիստները չկարողանան աշխատել», — ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, թե այս օրերին իրենց 200-ից ավելի ակտիվիստների բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունքներ, սակայն նրանցից որևէ մեկի մոտ ոչինչ չեն հայտնաբերել։

«Այս ամեն ինչը հերթական անգամ մեր համախոհներին վախի մթնոլորտում պահելն է: Կսպասենք ոստիկանության պարզաբանումներին», —  հայտարարեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Նա նշեց, որ Քննչական գործողություն իրականացնող ոստիկանները փորձում են վերցնել կուսակցության գրասենյակի նկարահանող սարքը:

«Թեև ոստիկանն ասաց, թե իրավունք չունենք տանելու, բայց վերցնում են», — ասաց Շաքե Իսայանը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Հայաստանում հավատարմագրված ԵՄ բոլոր դեսպաններին ուղարկել է գրություններ, տեղեկացնելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ սկսել են հետապնդման գործողություններ:

Հիշեցնենք, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է․
— Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում,
— Ընտրակաշառք տալու համար՝ 2.500.000-3.000.000 դրամ կամ 2-6 տարի ազատազրկում,
— Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ 2-6 տարի ազատազրկում,
— Ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ 2-8 տարի ազատազրկում,
— Ոստիկանությունը իրավունք ունի օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial