Տավուշի մարզում գյուղեր կամ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանին չի անցնում։ Տավուշի մարզպետարանը Facebook-ի պաշտոնական էջում հերքում է համացանցում շրջանառվող տեղեկությունները։
«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարզպետարանը տավուշցիներին կոչ է անում շրջանցել թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունն ու չտրվել սադրանքներին:
«Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Մարզպետարանից հորդորում են չտարածել ապատեղեկատվություն։ Զգուշացնում են` այդպիսով վտանգվում են սահմաններն ու սահմանապահ բնակիչների անվտանգությունը: