Գերմանիայում ներկայացվել է TikTok-ի եվրոպական այլընտրանքը՝ Wedium սոցիալական հարթակը

Գերմանիայում ներկայացվել է TikTok-ի եվրոպական այլընտրանքը՝ Wedium սոցիալական հարթակը

Գերմանիայում մեկնարկել է նոր սոցիալական ցանցի նախագիծ, որը դիտարկվում է որպես այլընտրանք TikTok-ին։

Բեռլինյան ստարտափը հայտարարել է կարճ տեսանյութերի համար նախատեսված Wedium հարթակի ստեղծման մասին։ Ինչպես հայտնում է ARD հեռուստաընկերությունը, այն ներկայացվում է որպես «առողջ TikTok»՝ առանց ապատեղեկատվության և արտաքին ազդեցությունների։

Ի՞նչ է առաջարկում Wedium-ը

Նախագծի հեղինակները Wedium-ը բնութագրում են որպես «100% եվրոպական նախագիծ»՝ մի շարք խիստ կանոններով․

  • արգելվելու են բոտերը, ատելության խոսքը և ապատեղեկատվությունը,
  • կգործեն խիստ «ցանցային էթիկայի» կանոններ,
  • չի կիրառվի կախվածություն առաջացնող ալգորիթմների համակարգ։

Բացի այդ, օգտատերերը պետք է հաստատեն իրենց ինքնությունը՝ անձը հաստատող փաստաթղթով՝ բովանդակություն հրապարակելու համար։

Հարթակը հատուկ ուշադրություն է դարձնում երեխաների և դեռահասների իրավունքների պաշտպանությանը։ Նշվում է, որ մշակողների թիմում ներգրավված են նաև դեռահասների ծնողներ, ինչը, ըստ հեղինակների, օգնում է ստեղծել ավելի անվտանգ միջավայր։

Wedium-ում նախատեսվում է նաև մոնետիզացիայի նոր մոդել․

  • բլոգերները կստանան գովազդային եկամուտների 50%-ը,
  • օգտատերերը կարող են օգտվել առանց գովազդի՝ ամսական 9 եվրո վճարելով։

Հարթակի լիարժեք գործարկումը նախատեսվում է հուլիսին։ Ներկայումս գործում է սպասման ցուցակ, որտեղ արդեն գրանցվել է ավելի քան 10,000 օգտատեր։

Համեմատության համար՝ TikTok-ն ունի շուրջ 1,5 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում։


ntv հեռուստաալիքը նշում է, որ Գերմանիայում ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցերի սահմանափակումը դեռահասների համար կամ նրանց համար առանձին, վերահսկվող հարթակների ստեղծումը։

Վերլուծաբանների կարծիքով՝ Wedium-ը կարող է փորձել զբաղեցնել հենց այդ նիշան՝ առաջարկելով ավելի անվտանգ և վերահսկվող միջավայր երիտասարդ օգտատերերի համար։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial