Կալինինգրադի մարզում հայտնաբերվել է «К-Поташ Сервис» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սինիցինի դիակը․ նրա մարմինը գտնվել է գլխատված՝ տրանսպորտային պարանով կապված, կամրջի տակ։
Ալեքսեյ Սինիցինը «Կ-Պոտաշ Սերվիս» ընկերությունում աշխատում էր առնվազն 2018 թվականից, վերջին երկուսուկես տարիների ընթացքում զբաղեցնելով գլխավոր տնօրենի պաշտոնը։ Միաժամանակ նա եկամուտ էր ստանում նաև «Լուկոիլի» նախկին թոփ-մենեջերներ Վալերի և Ալեքսանդր Սուբոտինների կառույցներից մեկում։ Հիշեցնենք, որ հենց Ալեքսանդր Սուբոտինն էլ մահացել էր առեղծվածային հանգամանքներում 2022թ. մայիսին․ Քննչական կոմիտեն պատճառ էր նշել սրտային անբավարարությունը, սակայն մամուլը գրել էր, որ մահը վրա էր հասել «հակաալկոհոլային ծեսի» ընթացքում շամանի մոտ։
«Կ-Պոտաշ Սերվիս» ընկերությունը պետք է ղեկավարեր խոշոր ծրագիր․ նախատեսվում էր ներգրավել շուրջ 60 մլրդ ռուբլի ներդրում (մոտ €600 մլն), իսկ տարեկան հարկային մուտքերը պետք է կազմեին մինչև 2 մլրդ ռուբլի (մոտ €20 մլն)։
Սկզբնապես հանքավայրի և ֆաբրիկայի գործարկումը նախատեսվում էր 2021-ին, սակայն ժամկետները մի քանի անգամ տեղափոխվել են։ Վերջին անգամ այն հետաձգվել է մինչև 2032 թվական, մինչդեռ դեռ 2022թ. ֆինանսական հաշվետվություններում ընկերությունը նշել էր «ծանր ֆինանսական վիճակի» մասին։
❗ Այս ամենը միայն ավելի մեծ կասկածներ է առաջացնում Սինիցինի մահվան շուրջ, որը համալրեց ռուսական թոփ-մենեջերների «անհասկանալի մահերի» շարքը։
Սա արդեն 19-րդ դեպքն է 2022 թվականից ի վեր ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների «տարօրինակ ինքնասպանությունների» շարքում։ Առաջիններից զոհ դարձան «Գազպրոմ»-ի, «Նովատեկ»-ի, «Լուկոիլ»-ի և այլ հսկաների ղեկավարներ։ Հետագայում ցուցակին ավելացան «Լուկոիլ»-ի և «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահները, «Յակուտսկէներգո»-ի ղեկավարի տեղակալը և այլ ազդեցիկ դեմքեր։
