Առավոտյան ժամը 06:00-ից սկսվել են Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռակոծումները, և մենք արթնացել ենք պայթյունի ձայներից։ Այս մասին Tert.am-ին հայտնեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
Նա պատմեց, որ հռթիռակոծության մասին տեղեկությունը ստանալուն պես անմիջապես ռմբապաստարաններում են տեղավորվել։
Արտյոմ Չերնամորյանը երեխաներին քնից արթնացրել է և ոտաբոբիկ ապաստարան են հասել։
«Յուրաքանչյուրս ունենք ինտերնետային հավելվածներ, երբ Իսրայելի կամ Գազայի տարածքում սկսում են հրթիռահարումներն, այդ կարմիր տագնապը հնչում է, և տեսնում ենք, թե որ հատվածներն են հրթիռակոծության ենթարկվում։ Երբ տեսա, որ հրթիռակոծությունը մոտենում է Թել Ավիվին, երեխաներին արթնացրի, եղբորս երեխաները նույնպես մեր տանն էին։ Երեխաները նույնիսկ չհասցրին հագնվել, ոտաբոբիկ իջանք ռմբապաստարան։ Ես էլ, բարեբարխտաբար, մեր շենքի համատիրության ղեկավարն եմ և ռմբապաստարանի բանալիները ինձ մոտ են։ Երբ հրթիռահարության մասին տեղեկություններ ստացանք, անմիջապես մտանք ռմբապաստարան։ Երբ շչակը հնչում է, մենք 45 վայրկյան ունենք ռմբասպաստարան մտնելու։ Այդ ընթացքում պետք է երեխաներին առանց խուճապի այդտեղ հասցնել»,- ներկայացրեց նա։
Իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահը կապ մեջ է հայերի հետ, գրեթե բոլորից տեղեկություններ ունի։ Արտյոմ Չերնամորյանի խոսքով՝ հայերի շրջանում տուժածներ չկան։
«Իսրայելի կենտրոնական քաղաքներում 3 հազարից ավել հայ կա։ Հարավային շրջանում մենք հայ բնակչություն չունենք, մի քանի ընտանիք կա միայն Սդերոտ քաղաքում։ Իրենցից տեղեկություն չունեմ, որովհետև կապ չկա։ Կենտրոնական քաղաքաների հայ բնակչության հետ, սակայն, ինտերնետով գրեթե բոլորի հետ կապի մեջ եմ։ Հիմա մեր վիճակն էլ է նույնը, ինչ Իսրայելի բնակչության։ Հայերը հիմա պատսպարված են ապաստարաններում։ Բոլորից տեղեկություն ունեմ, այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան։ Ցավոք սրտի, Իսրայելում խաղաղ բնակչության շրջանում արդեն կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Ներթափանցել են մարդկանց տները, նրանց են մորթել։ Վիճակը ծանր է»,- մանրամասնեց նա։
Նրա փոխանցամբ՝ կենտրոնական հատվածների վրա հիթիռակոծությունը նվազել է։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին: Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը արտակարգ դրություն է հայտարարել Գազայի հատվածում, 80 կմ շառավղով։